Երբ գնաս


Գնալուց առաջ ինձ կթողնես մի քայլ դատարկություն,
ես այնտեղ կյանք եմ նկարելու,

մի քայլ պատ,
ես դրա վրա բանաստեղծություն եմ գրելու,
(որը գնալուցդ առաջ անգիր կանեմ),

մի քայլ ինձնից,
որ մեկ-մեկ նայեմ ու հիշեմ դեմքդ,

մի քայլ լույս,
որ չմոռանամ քնել վերջում,

ու մի քայլ քո բույրից,
որ մուսաս ինձ գտնի գիշերով....

քեզնից հետո քեզ միայն տրորված ձյունն է հիշելու
ու լուսացույցը փողոցի.
նա կարմիր էր, երբ ծնվեցիր,
դեղին, երբ ապրում էիր 
ու կանաչ, երբ գնալուդ ժամը եկավ...

թեկուզ եթե գոյությանս չհավատաս,
գնալուց առաջ սեղմիր քեզ համար դռան բռնակի տեղ ապրած
ձեռքս...

ինձ մի քայլ քո մատներից է պետք
ներկերիս տեղը հիշելու համար...


No comments:

Post a Comment