Լուսամփոփ

գիշերը շնչում է դանդաղ վերևից, ու հալվում հանդարտ աչքերին քո բաց,
խավարը ոռնում է անտուն փոշու պես ու խեղդում վերջին հույսդ հողեղեն,
անգամ թե պոկվեն անճանաչ կապույտ երկնում տատանվող թելերդ կամաց,
անգամ թե ճամփադ սլանա անսանձ, քո վախերի դեմ ձեռքդ կբռնեմ...

խեղդվում է, գիտեմ, հեքիաթդ կիսատ, ու էլ չի բացվում դուռը քո կողպած,
հնձում է կյանքը քո սյուներն ամուր, ու փուլ է գալու տանիքդ քարե,
անգամ թե վառվեն, մոխրանան հանկարծ քաղաքներ, դարեր, աշխարհներ չափած,
անգամ թե ես էլ ծուխ դառնամ անհետ, հոգուդ սպառնացող հուրը կմարեմ...

աղմկում է դեռ անկատար հեռվում կաղ մենության հետ մութը մոլորված,
ու տկար կամքից քայքայվող հոգին ամբոխները այս շատ դեռ կծամեն,
անգամ թե հետո ոչ մի անկյունում ոչ մի պատառ ուժ չմնա հանկարծ,
անգամ թե ինքս էլ ցնդեմ ծխի պես, վախերդ ձեռքումս սեղմած կտանեմ...

© Ռի-Մա


No comments:

Post a Comment