Showing posts with label երկինք. Show all posts
Showing posts with label երկինք. Show all posts

Լուսամփոփ

գիշերը շնչում է դանդաղ վերևից, ու հալվում հանդարտ աչքերին քո բաց,
խավարը ոռնում է անտուն փոշու պես ու խեղդում վերջին հույսդ հողեղեն,
անգամ թե պոկվեն անճանաչ կապույտ երկնում տատանվող թելերդ կամաց,
անգամ թե ճամփադ սլանա անսանձ, քո վախերի դեմ ձեռքդ կբռնեմ...

խեղդվում է, գիտեմ, հեքիաթդ կիսատ, ու էլ չի բացվում դուռը քո կողպած,
հնձում է կյանքը քո սյուներն ամուր, ու փուլ է գալու տանիքդ քարե,
անգամ թե վառվեն, մոխրանան հանկարծ քաղաքներ, դարեր, աշխարհներ չափած,
անգամ թե ես էլ ծուխ դառնամ անհետ, հոգուդ սպառնացող հուրը կմարեմ...

աղմկում է դեռ անկատար հեռվում կաղ մենության հետ մութը մոլորված,
ու տկար կամքից քայքայվող հոգին ամբոխները այս շատ դեռ կծամեն,
անգամ թե հետո ոչ մի անկյունում ոչ մի պատառ ուժ չմնա հանկարծ,
անգամ թե ինքս էլ ցնդեմ ծխի պես, վախերդ ձեռքումս սեղմած կտանեմ...

© Ռի-Մա


Շրջանակ

Այս երկնքի համար
Շրջանակ է պատուհանը իմ,

Քո արտացոլանքին
Շրջանակ են աչքերս,

Քո ձեռքերի համար
Շրջանակ են մատները իմ,

Քո ժպիտին
Շրջանակ են շուրթերս...

Քո ժամանակի համար
Շրջանակ է ժամացույցը ձեռքիս,

Ու կյանքիդ
Շրջանակ է սենյակն իմ,

Քո հավերժության համար
Շրջանակ են տողերս,

Ու ազատությանդ
Շրջանակ են շղթաներն իմ...

Քո սիրո համար
Շրջանակ է հոգիս,

Ու սիրում եմ ես կտավն այդ...



Զսպված թռիչք



Իմ աչքերը քո երկնքի գույնն ունեն,
Իմ արտասուքը թռչուններն են քո.
Երբ թռչում են նրանք երկնքով
Այդ ես եմ լալիս...


Ու հեռանում են երամ-երամ
Երկինքները իմ,
Ու մնում է հայացքս նրանց ետևից գետեր կարելու,
Որ վերադարձի ճամփան չմոռանան...


Իմ աչքերը քո երկնքի գույնն ունեն,
Իսկ դու երկինքդ սեղմում ես մատներիդ տակ ամեն անգամ
Ու վանդակում թռչող արցունքներս երեկվա...


Ես եմ քո զսպված թռիչքը.
Գոնե մի անգամ երկնքին նայիր իմ վանդակված
Ու արտասվիր ինձ հետ.


Չեմ ուզում թռչուններս հեռանան մենակ...



Գերկյանք


երբ ամեն ինչ սենյակում է,
իսկ այն դատարկ է,
մանուշակները թոշնում են,
երբ գարունը դեռ չի էլ եկել...

իրերի շատությունից փոքրանում է իմ սենյակը
ու փոքրանում եմ ես այնտեղ նստած.
վերցնում գերփոքր մատիտը,
նկարում գերփոքր թիթեռներ
ու բաց թողնում գերփոքր պատուհանից
դեպի հսկայան երկինք...

նրանք չեն էլ երևում մի վայրկյան անց,
իսկ իմ աննշան մատները սկսում են
դողդողալ
արարելու անկարողության կասկածից...

ինձ էլ՝ գերփոքր աղջնակիս,
մի օր գերփոքր դռներով
կճանապարհեն հսկայական կյանք...


Նրանք


Մատներով խաղաղություն նկարիր,
Ինչպես տատիդ մատներն էին 
Փափուկ ու քեզ պես կամակոր խմորից
Նկարում հաց...

Աչքերիդ առջև բարություն ցանիր,
Ինչպես մայրդ է ամեն առավոտ ջրում
Քո պատուհանագոգին քնած
Ու քո դեմքը իրենը դարձրած
Մանուշակին...

Շուրթերով բռնիր ճմարտությունը,
Ինչպես հայրդ է իր կոշտ մատներով միշտ բռնել
Անդավաճան ազնվության
Փշալարը...

Ու ամեն անգամ կզգաս,
Որ կյանքը տաք է
Ինչպես նոր թխված հացի բույրը,
Որ մաքուր է ինչպես
Փոշեհատը ծաղկիդ,
Որ ցավոտ է ու հատու 
Փշալարի նման...

Որ քոնն է ինչպես
Տատդ, մայրդ ու
Հայրդ քեզ հենվող...


Ես, դու, երկինքը


Ես կնայեմ երկնքին 
ու երկինքը կստանա իմ աչքերի գույնը,
իսկ աչքերս՝ երկնքինը...

Ես կհպվեմ անմահության թաշկինակին,
ու նա կհիշի մատներս
հավերժ...

Ես կկախվեմ ականջօղից անկումի,
ու դու կբռնես ճկույթս
ամենավերջին պահին...

Ես քեզ կբացեմ զարդատուփի պես,
ու դու կթաքնվես աչքերիս մեջ՝
հուսալով, որ այնտեղ
ես քեզ չեմ տեսնի...