Showing posts with label Պատուհան. Show all posts
Showing posts with label Պատուհան. Show all posts

Շրջանակ

Այս երկնքի համար
Շրջանակ է պատուհանը իմ,

Քո արտացոլանքին
Շրջանակ են աչքերս,

Քո ձեռքերի համար
Շրջանակ են մատները իմ,

Քո ժպիտին
Շրջանակ են շուրթերս...

Քո ժամանակի համար
Շրջանակ է ժամացույցը ձեռքիս,

Ու կյանքիդ
Շրջանակ է սենյակն իմ,

Քո հավերժության համար
Շրջանակ են տողերս,

Ու ազատությանդ
Շրջանակ են շղթաներն իմ...

Քո սիրո համար
Շրջանակ է հոգիս,

Ու սիրում եմ ես կտավն այդ...



Պահ

Դու ներս սահեցիր ճաքերով պատի,
Լցվեցիր ամեն անցք ու պահարան,
Խմվեցիր ամեն բուռ ու բաժակով,
Ներկեցիր ամեն դուռ ու պատուհան:

Հոսեցիր ամեն կաթիլով ջրի
Ու քուն բերեցիր դեղահաբի պես,
Պատռեցիր ամեն վարագույր ու բարձ,
Խախտեցիր ամեն պատարագ ու ծես...

Փրկեցիր ամեն փորձ ու աղետից,
Վառվեցիր լամպի, լուսամփոփի հետ,
Մաքրեցիր սպիտակ, նուրբ սրբիչի պես,
Ջնջեցիր ամեն շեշտ ու վերջակետ:

Տվեցիր կորցրած ու չեկած մի կյանք,
Թողեցիր հոգի ինձ իբրև ընծա.
Դու քամու նման սուրացիր մի պահ
Ու քամու նման աննկատ անցար...


Irrevocabilis

թանձրանում է կյանքը իմ սենյակում,
ու ես սկսում եմ պատուհանագոգիս նստող աղավնիներին հաշվել.
նրանք ցավեցնել չգիտեն...

ամեն ինչ դառնում է պատուհան.
դռները, պատերը, մարդիկ.
ու սարսափում եմ նրանց միջով նայելիս,
ու չեմ ճանաչում աշխարհն այդպիսին...

ես չեմ մոռանում,
ու չեմ հեռանում առանց հրաժեշտի.
պարզապես կան շիվեր,
որոնք կոտրվել գիտեն
ու էլ չեն ծաղկում...


Վերափոխում


երբ դատարկվում ես ինքդ քեզնից,
ու էլ ոչ ոք քեզ չի սպասում սուրճի բաժակի մյուս ափին,
փոխվում են օրերը
փոխվում են մարդիկ
ու փոխվում ես դու...

երբ ստիպում են քեզ խեղդել պատուհանափեղկերի արանքում
երջանկության սպասելիքով պատուհանից դուրս նայելիս,
դու չես փոխվում.
մարդիկ են դադարում իմանալ
քո երազանքների թիվը...



Գերկյանք


երբ ամեն ինչ սենյակում է,
իսկ այն դատարկ է,
մանուշակները թոշնում են,
երբ գարունը դեռ չի էլ եկել...

իրերի շատությունից փոքրանում է իմ սենյակը
ու փոքրանում եմ ես այնտեղ նստած.
վերցնում գերփոքր մատիտը,
նկարում գերփոքր թիթեռներ
ու բաց թողնում գերփոքր պատուհանից
դեպի հսկայան երկինք...

նրանք չեն էլ երևում մի վայրկյան անց,
իսկ իմ աննշան մատները սկսում են
դողդողալ
արարելու անկարողության կասկածից...

ինձ էլ՝ գերփոքր աղջնակիս,
մի օր գերփոքր դռներով
կճանապարհեն հսկայական կյանք...


Իմ նորածին գարունը


գարունը դեռ չծնված երեխայի դիրքով
կծկվել է քաղաքիս արգանդում
ու չի շարժվում ...

ձնաբուքը մտրակում է պատուհաններս,
իսկ ապակիները քրտնում են՝
ամաչելով սեփական մերկությունից...

քաղաքի բոլոր աչքերից ու ականջներից ելնող ծուխը
հուշում է ինձ, որ
դեռ երկար են նրանք այդպես քրտնելու,
ու դեռ երկար ժամանակ գարունը իր տոտիկով
քաղաքին ներսից չի դիպչի...

բայց այս գարնանը ես սպասելու եմ
այս անգամ ավելի մեծ անհամբերությամբ, քան երբևէ.
այս գարունը լինելու է
իմ վերածնված մանկության
տարեկիցը...



Կտավի հեղինակ՝ Lluís Albert Herranz

Վտարում


կյանքիդ գարունները
քեզ ջերմացնելու տեղ ապտակեցին,
ու դու վերցրիր մի թափանցիկ, անօդ արկղիկ
ու այնտեղ քո աշխարհը տեղավորեցիր,
ծնեցիր խամաճիկներ որդիներիդ պատկերով
ու բաժանեցիր դերերը նրանց միջև,
այնպես որ նրանցից որևէ մեկը
քեզնից չնեղանա...

հետո նրանց շարժել սկսեցիր,
իսկ նրանք մի օր էլ չուզեցին
քո թելիկներին ենթարկվել,
ու դու որոշեցիր նրանց կոտրել.
արդյունքում միայն թելերը կտրվեցին,
ու աշխարհդ փախավ ձեռքերիդ տակից...

գիշերը դեռ փողոցային շան պես
ոռնում է քո պատուհանի տակ,
իսկ ծխի քուլաները
քո ճակատին երկինք են նկարում.

դու այդ երկինքը կորցրել ես այն օրը,
երբ որոշել ես մահկանացուիդ անձնագիրը
փոխել աշխարհաստեղծի կեղծած պատճենով...


Մի քաղաքի պատմություն


ես գիշերվա գույնի ռետինով
ջնջում եմ մթության ճակատին
դեղին մատիտով նկարած պատուհանները,
ու քաղաքը քնում է,

փողոցներում թափառում են
լույսի գույնի ժապավեններ,
ու քաղաքը լռում է.

այս առավոտը
պատուհաններից մի քանիսի  համար
գուցե էլ չգծեն...


Պատուհանս

Իմ աչքերի լուսամուտի բռնակին
Մի տեսիլ էր, մի սև բիծ էր երևում,
Ու դողում էր ու ճաքում էր ապակին
Ու հիշեցնում. բան եմ թողել ետևում...

Իսկ տեսիլն այն պատուհանն էր իմ բացում՝
Պատուհանն այն, որ գոցել էի ես անձայն.
Մոռացումին պատժեց այլ մի իմացում,
Ու հին հուշեր, հին պատիժներ արթնացան...

Մոռացումս պատժվեց ու նրա հետ նաև ես,
Տունս այրվեց մինչև վերջին լուսամուտը,
Իսկ բռնակն այն ինձնից պոկված զղջման պես՝
Տեղս մնաց՝ ողջունելու լուսնումութը...

Ռի-Մա