Showing posts with label Ես ու Դու. Show all posts
Showing posts with label Ես ու Դու. Show all posts

Ասեղ

Ես քեզ սպասում էի
Ինչպես վերնաշապիկ կարկատելիս մատը ծակելուց հետո
Արյան գալուն են սպասում,
Իսկ այն չի գալիս...

Իմ թելերը չափազանց շատ են բարակել
Անցյալս կարկատելու համար,
Ու կորցրել
Կարերը տունդարձի...

Ես այսօրվանից ասեղ եմ,,
Իսկ ժամանակը՝ դերձակը կյանքի
Ու եթե անգամ ծակելու գնով
Նա պիտի կարկատի քեզ իմ ապագայի շապիկներին

Ինձնով...


Մի գնա

խնդրեցի՝ նստես կողքիս,
որ նայեմ մատներիդ ու աշխարհից չվախենամ,
ինձ նվիրեցիր ձեռքերդ,

խնդրեցի՝ նստես կողքիս,
որ համոզվեմ աչքերիդ կանաչության մեջ.
աչքերիդ մեջ տուն գտա,

խնդրեցի՝ նստես կողքիս,
որ կյանքին նայեմ ուսերիդ վրայով
ու կյանք դարձան թևերդ 

անվերադարձ...


Ես, դու, երկինքը


Ես կնայեմ երկնքին 
ու երկինքը կստանա իմ աչքերի գույնը,
իսկ աչքերս՝ երկնքինը...

Ես կհպվեմ անմահության թաշկինակին,
ու նա կհիշի մատներս
հավերժ...

Ես կկախվեմ ականջօղից անկումի,
ու դու կբռնես ճկույթս
ամենավերջին պահին...

Ես քեզ կբացեմ զարդատուփի պես,
ու դու կթաքնվես աչքերիս մեջ՝
հուսալով, որ այնտեղ
ես քեզ չեմ տեսնի...


Ես և Նա


նրա նմանների մասին
ընկնող աստղեր տեսնելիս երազանք են պահում,
իսկ նրանց ինչպիսին ես եմ
թողնում են գրքերի կազմերի չսոսնձված
անկյուններում...

իսկ ես սովորել եմ կազմերից
սողոսկել էջերի մեջ.
իմ մասին արդեն գրքեր են գրում...


Խոսող նկար


ես գիժ ձևանալ չսովորեցի,,
իսկ դու չիմացար նկար չլինել,
այս մոլորակը տուն էր, թե խեցի,
մեզ տվեց մի դաս՝ լոկ հենց մեզ սիրել...

ես գիժ չդարձա, գիժ չմնացիր,
իսկ խելոքների տեղը այստեղ չէ,
իմ վերջին դասի մանրը դու ստացիր,
ես սովորում եմ առանց քեզ թռչել...

ես դեռ չգիտեմ՝ ոնց են գիժ խաղում,
ու սենյակը իմ մութն է ակոսել.
ու քո ձայնը չի մռմռթում այնտեղ.
այլ նկարն է քո սովորել խոսել...

Վաղուց էր


վաղուց վաղուց էր.
մայրամուտը ճանկռոտեց աշխարհի բոլոր պատուհանները՝
հուսալով դրանցից մեկի մեջ գտնել աչքերդ,
իսկ դու հայացքդ կողպեցիր
աշնանագույն զարդատուփում
ու սեղմեցիր անցյալդ ատամերիդ տակ...

վաղուց վաղուց էր.
գնացքները գծեցին արևի հետագիծը,
ու թռչունները նկարված մնացին
տրորված թղթերին
ու չթռան
չթռան...

մինչ ես դարձա ճամփաս շփոթած մի մեղու
արքայազնը համաձայնեց էլի գորտ դառնալ
ու բռնվել արագիլի կտուցներում
հանուն գեթ մեկ անգամ նրա հետ թռչելու

վաղուց վաղուց էր
դեմքդ նկարվում էր ափիս
ու չէր ջնջվում ձեռքերս լվանալիս...

զարդատուփը մոռացել է բացվել,
հայացքդ բանտարկյալ է,
մեղուները գորտերին
սիրում են...


Անկատար


Դարձա մեջքն այն, որին հենված արտասվեցիր,
Բայց դե երբեք հեկեկոցդ չդարձա,
Դարձա հենքն այն, որի վրա տուն սարքեցիր,
Բայց դե երբեք հաղթ ամրոցդ չդարձա...

Դարձա ճեղքն այն, որով հոգիս թափանցեցիր,
Բայց դե երբեք հոգետունդ չդարձա...
Դարձա զենքն այն, որով ձմեռ դու սպանեցիր,
Բայց դե երբեք քո գարունը չդարձա...

Դարձա փարոս, որ քեզ կանչեց ու փրկվեցիր,
Բայց դե երբեք փրկությունդ չդարձա,
Դարձա քաոս, որում նոր «ես» դու կերտեցիր,
Բայց ես երբեք հարությունդ չդարձա...

Դարձա ձայնն այն, որին կյանքդ դու պատմեցիր,
Բայց քո ընկեր-համախոհը չդարձա,
Դարձա միայն ու ինձ սպանել որոշեցիր,
Բայց ես էլի անմեղ զոհդ չդարձա...

Դու և ես

Դու ասում ես, թե ինձ նման արև-աղջիկ չես տեսել,
Իսկ ես այստեղ՝ անձրևի տակ, արևներից բողոքողն եմ...
Դու ասում ես, իբր ինձ հետ ճերմակ լուսնին ես հասել,
Իսկ ես այստեղ՝ քո ոտքի տակ, քո քայլերը հաշվող հողն եմ...

Դու ասում ես, թե քո կյանքում միշտ էլ սերն է պակասել,
Իսկ ես այստեղ՝ հենց քո դիմաց, սեր-ավելցուկ կրճատողն եմ...
Ինձ ասում ես, թե դու երբեք ոչ մի սիրտ չես վնասել,
Իսկ ես այստեղ՝ հենց ձեռքիդ տակ, իմ վերքերը կարկատողն եմ...

Դու ասում ես, թե իմ մասին երբեք-երբե՜ք չես բամբասել...
Իսկ ես այստեղ՝ քո թիկունքում, քո ստերը հավաստողն եմ..
Դու ասում ես, թե երբեք ինձ սիրելիս չես կակազել,
Իսկ ես այստեղ՝ մեր երկուսից միակ վարժ ու ճիշտ խոսողն եմ...


Ես ու Դու







Ես ու Դու



Այս աշխարհում եղել ենք, կանք
Եվ գուցե միշտ ենք լինելու
Սիրով այրվող երկու կրակ,
Երկու հոգի` մեկ ես, մեկ դու:

Գուցե այսօր մեկը մեզնից
Էլ չի ապրում սերը սրտում,
Գուցե ես քեզ, կամ էլ` դու ինձ,
Էլ չենք սիրում ոչ ես, ոչ դու:

Բայց, սիրելի՛ս, չեմ հավատում,
Որ կարող է հեքիաթը իմ
Զոհ դառնալ ակնթարթին,
Ուր չենք սիրում կամ ես, կամ դու:

Գիտեմ, որ կյանքն արյունարբու
Քեզ սխալեցրել է շատ անգամ,
Եվ սխալվել ենք, սխալվել այնքա՜ն,
Եվ ներել ենք մերթ ես, մերթ դու:

Բայց էլ այս ծով ու մութ վշտում
Մենք չենք ապրի սրտով տրտում,
Կմիանանք առավոտում
Ու կլինենք մեկ` ԵՍ ՈՒ ԴՈՒ.........

01/09