Showing posts with label Նկար. Show all posts
Showing posts with label Նկար. Show all posts

Շրջանակ

Այս երկնքի համար
Շրջանակ է պատուհանը իմ,

Քո արտացոլանքին
Շրջանակ են աչքերս,

Քո ձեռքերի համար
Շրջանակ են մատները իմ,

Քո ժպիտին
Շրջանակ են շուրթերս...

Քո ժամանակի համար
Շրջանակ է ժամացույցը ձեռքիս,

Ու կյանքիդ
Շրջանակ է սենյակն իմ,

Քո հավերժության համար
Շրջանակ են տողերս,

Ու ազատությանդ
Շրջանակ են շղթաներն իմ...

Քո սիրո համար
Շրջանակ է հոգիս,

Ու սիրում եմ ես կտավն այդ...



Գերկյանք


երբ ամեն ինչ սենյակում է,
իսկ այն դատարկ է,
մանուշակները թոշնում են,
երբ գարունը դեռ չի էլ եկել...

իրերի շատությունից փոքրանում է իմ սենյակը
ու փոքրանում եմ ես այնտեղ նստած.
վերցնում գերփոքր մատիտը,
նկարում գերփոքր թիթեռներ
ու բաց թողնում գերփոքր պատուհանից
դեպի հսկայան երկինք...

նրանք չեն էլ երևում մի վայրկյան անց,
իսկ իմ աննշան մատները սկսում են
դողդողալ
արարելու անկարողության կասկածից...

ինձ էլ՝ գերփոքր աղջնակիս,
մի օր գերփոքր դռներով
կճանապարհեն հսկայական կյանք...


Երբ գնաս


Գնալուց առաջ ինձ կթողնես մի քայլ դատարկություն,
ես այնտեղ կյանք եմ նկարելու,

մի քայլ պատ,
ես դրա վրա բանաստեղծություն եմ գրելու,
(որը գնալուցդ առաջ անգիր կանեմ),

մի քայլ ինձնից,
որ մեկ-մեկ նայեմ ու հիշեմ դեմքդ,

մի քայլ լույս,
որ չմոռանամ քնել վերջում,

ու մի քայլ քո բույրից,
որ մուսաս ինձ գտնի գիշերով....

քեզնից հետո քեզ միայն տրորված ձյունն է հիշելու
ու լուսացույցը փողոցի.
նա կարմիր էր, երբ ծնվեցիր,
դեղին, երբ ապրում էիր 
ու կանաչ, երբ գնալուդ ժամը եկավ...

թեկուզ եթե գոյությանս չհավատաս,
գնալուց առաջ սեղմիր քեզ համար դռան բռնակի տեղ ապրած
ձեռքս...

ինձ մի քայլ քո մատներից է պետք
ներկերիս տեղը հիշելու համար...


Խոսող նկար


ես գիժ ձևանալ չսովորեցի,,
իսկ դու չիմացար նկար չլինել,
այս մոլորակը տուն էր, թե խեցի,
մեզ տվեց մի դաս՝ լոկ հենց մեզ սիրել...

ես գիժ չդարձա, գիժ չմնացիր,
իսկ խելոքների տեղը այստեղ չէ,
իմ վերջին դասի մանրը դու ստացիր,
ես սովորում եմ առանց քեզ թռչել...

ես դեռ չգիտեմ՝ ոնց են գիժ խաղում,
ու սենյակը իմ մութն է ակոսել.
ու քո ձայնը չի մռմռթում այնտեղ.
այլ նկարն է քո սովորել խոսել...

Այստեղ ապրում են


քեզ նետել են մի փոքր
քառակուսի արկղի մեջ,
ու տվել մի շրթներկ, որ նկարես 
ու նկարդ չտեսնես,
ու մի ատրճանակ,
որ ցանկանաս քեզ սպանել
ու մշտապես վրիպես...

այդ արկղի մեջ անսպառ է միայն օդը
ու լույս գտնելու ցանկությունը,
իսկ դու նշան բռնել ես սովորում...

լույսը կա.
այն չի երևում, քանի որ մշտապես նայում ես
ձեռքիդ ատրճանակին
ու մեկ-մեկ էլ փորձում նկարել,

իսկ դրսից քո արկղիկի վրա
քեզ այնտեղ նետողները վաղուց մակագրել են.
«Բարի գալուստ կյանք,
Այստեղ ապրում են»...


Նկար


ես քեզ կթարգմանեմ աշխարհի բոլոր լեզուներով, բայց կկարդամ այն մեկով, որով գրվել ես...
ես քեզ կնկարեմ բոլոր կտավներին, կներկեմ ու կյանք կտամ, բայց կպահեմ այն մեկը, որից ծնվել ես...
ես քեզ կերգեմ բոլոր բեմերից, բայց իմը կլինես միայն կուլիսներում...
ես քեզ կգրեմ բոլոր շենքերի պատերին, բայց վստահ կլինեմ, որ չես ջնջվի միայն սրտիս միջնապատից...
ես քեզ քամուն կշշնջամ, հենց աշունը գա, բայց շշուկներս միայն գարունին կտամ...
ես քեզ կգողանամ բոլոր ավազակներից ու նրանցից միայն սիրուն կթողնեմ, որ տանի քեզ, պայմանով, եթե ես էլ գամ քեզ հետ...
ես քո մասին հեքիաթ կգրեմ բոլոր հեքիաթագիրների փոխարեն, բայց կթողնեմ, որ քեզ պատմի միայն ԻՄ հոգին...
ես քեզ կձուլեմ բոլոր մոլորակներին, բայց կթողնեմ, որ ապրես միայն այս մեկի վրա...
ես քեզ կշնչեմ ամեն արտաշունչից առաջ, բայց ներշնչելիս ամուր կբռնեմ, որ հանկարծ շուրթերիս վրայիս չցնդես...
ես քեզ կպահեմ ծովերի բոլոր իջվածքներում, բայց և մինչև աստղերը կհանեմ, երբ կամենաս...
ես քեզ կփայփայեմ հնարավոր ու անհնար բոլոր հաջորդ կյանքերում, բայց այնպես ինչպես հիմա, կսիրեմ միայն այս մեկում...