Showing posts with label Ժամացույց. Show all posts
Showing posts with label Ժամացույց. Show all posts

Շրջանակ

Այս երկնքի համար
Շրջանակ է պատուհանը իմ,

Քո արտացոլանքին
Շրջանակ են աչքերս,

Քո ձեռքերի համար
Շրջանակ են մատները իմ,

Քո ժպիտին
Շրջանակ են շուրթերս...

Քո ժամանակի համար
Շրջանակ է ժամացույցը ձեռքիս,

Ու կյանքիդ
Շրջանակ է սենյակն իմ,

Քո հավերժության համար
Շրջանակ են տողերս,

Ու ազատությանդ
Շրջանակ են շղթաներն իմ...

Քո սիրո համար
Շրջանակ է հոգիս,

Ու սիրում եմ ես կտավն այդ...



Ժամանակը ես եմ


ես կենդանի ժամացույց եմ,
մեծ սլաքով՝ ստամոքսից ուղեղ
ու փոքրով՝ ստամոքսից սիրտ,

իմ մի գրպանում ես ծով եմ պահել,
մյուսում՝ երկինք,
իսկ բռիս մեջ՝ անապատ,

ու եթե անգամ մի օր ես ընկնեմ
ու ծովս խառնվի երկնքին,
կքայլեմ էլի
ու չեմ վերջանա,

որովհետև ես ժամանակն եմ,
որ համեստորեն համաձայնել է անվանվել
քայլող ժամացույց
ու թաքնվել մի սրտի մեջ,
որ երբեք չի դադարի սիրել...




Դարերի ժամացույցը


Իմ կիսակույր աչքերին
Մոմի լույս է հարկավոր,
Որ դարերի ժամացույցի
Սլաքները հասկանամ....

Իմ սառած այս ձեռքերին
Մի տաք շունչ է հարկավոր,
Որ դարերի խուլ սառույցից
Ձուլված դռները բանամ...

Իմ լուռ ծալվող ծնկներին
Մի պատնեշ է հարկավոր,
Որ մինչև վերջ ծնկի չեկած
Ալիքի պես բարձրանամ...

Ինձ սպանող իմ մտքերին
Ցնորվել է հարկավոր,
Որ կասկածի խավար խուցից
Դեպի արև սլանամ...

Իմ ոտքի տակ անհետացող
Գուցե չեղած այս հետքերին
Փոշոտ ափ է հարկավոր,
Որ հետքերս դրոշմելով
Քայլեմ, գնամ, վազեմ անգամ...

Ու կատաղած իմ վերքերին
Ազատում է հարկավոր,
Որ ազատող այդ հանճարին
Նվերի տեղ հենց սիրտս տամ....

Կամ էլ գուցե ջնջվել է պետք,
Անհետանալ օդով ասես,
Որ անհոգի դառնամ քեզ պես,
Որ քեզ նման անէ դառնամ,
Որ գուցե և այդժամ միայն
Այս դարերի ժամացույցի
Սլաքները ես հասկանամ...

©Ռի-Մա