Showing posts with label փողոց. Show all posts
Showing posts with label փողոց. Show all posts

Այսպես են մարդիկ ծերանում...


նա պառկած էր գիշերվա ձախ ականջում
ու դիտում էր, թե ինչպես են
մեքենաների լույսերը սահում
իր սենյակի պատերով,

ու նրան թվում էր,
թե ամեն լույս մի հոգի է, 
որ եկել է իր բախտից բողոքելու
ու ասելու, որ կյանքը կարճ է,
իսկ գիշերվա ձախ ականջը՝ խուլ...

ամեն լույս իր գույնն ուներ, 
բայց նրանք բոլորն էլ դեղին էին,
ինչպես մազերն արևի...

լույսերը ճանկռում էին պատերը,
իսկ նա անքնությունից հունցում էր 
բանատեղծություն...

այսպես են մարդիկ ծերանում...


Կյանք


երբ մոլորակը ոտքեր առնի,
նոր ուղեծիր գծի՝
ծուռումուռ ինչպես գյուղական ճանապարհը,
ու հեռանա ծաղիկներ հավաքելու,
բռնիր ձեռքս...

երբ մեր տունը փոքրանա
ու դառնա փողոցներում խաղացող երեխաների
զառերից մեկը, 
որ միշտ վեցի վրա է ընկնում.
բռնիր ձեռքս...

երբ կյանքը անցնի գնացքի վագոններում քնած
ու ինձ մնա միայն վերջին վագոնի
մեկ սուրճի բաժակ կյանքը, որ խմեմ,
բռնիր ձեռքս...

երբ մի օր մետաղադրամ տամ
փողոցում մեզ մոտեցող տատիկին, 
իսկ նա, սովորականի պես օրհնելու փոխարեն
անիծի,
բռնիր ձեռքս...

երբ մաշվեն ափերս,
ու հոգնեն շարժվելուց 
մատներս չորացած ու բարակ,
քո ծերուկ ձեռքերով
բռնիր ձեռքս...


Մի քաղաքի պատմություն


ես գիշերվա գույնի ռետինով
ջնջում եմ մթության ճակատին
դեղին մատիտով նկարած պատուհանները,
ու քաղաքը քնում է,

փողոցներում թափառում են
լույսի գույնի ժապավեններ,
ու քաղաքը լռում է.

այս առավոտը
պատուհաններից մի քանիսի  համար
գուցե էլ չգծեն...


Անցորդ


Փողոցները այսօր երկփեղկվում են
Ու հալվում ու խոսում ու հոսում,
Փողոցներն իմ առաջ երբ ճեղքվում են,
Քո լույսով է հավերժն ակոսվում...

Փողոցում ինձ փնտրող մի անցորդ,
Ինձ կանչում է մայթից դիմացի.
-Դիմացի՛ր արևի դու ճամփորդ,
Դիմացի՛ր, ի՛մ աղջիկ, դիմացի՛ր...

Նա կանցնի, ու ես էլ չեմ մնա,
Կհալվեն փողոցները բախտի,
Դիմանում, դիմանում եմ ես տե՛ս,
Դու՛ անցորդ դիմացի մի մայթի...