Showing posts with label քամի. Show all posts
Showing posts with label քամի. Show all posts

Պահ

Դու ներս սահեցիր ճաքերով պատի,
Լցվեցիր ամեն անցք ու պահարան,
Խմվեցիր ամեն բուռ ու բաժակով,
Ներկեցիր ամեն դուռ ու պատուհան:

Հոսեցիր ամեն կաթիլով ջրի
Ու քուն բերեցիր դեղահաբի պես,
Պատռեցիր ամեն վարագույր ու բարձ,
Խախտեցիր ամեն պատարագ ու ծես...

Փրկեցիր ամեն փորձ ու աղետից,
Վառվեցիր լամպի, լուսամփոփի հետ,
Մաքրեցիր սպիտակ, նուրբ սրբիչի պես,
Ջնջեցիր ամեն շեշտ ու վերջակետ:

Տվեցիր կորցրած ու չեկած մի կյանք,
Թողեցիր հոգի ինձ իբրև ընծա.
Դու քամու նման սուրացիր մի պահ
Ու քամու նման աննկատ անցար...


Ազատը թակարդի...


Երբ կգունատվի շուրթեր ճաքեցնող ժպիտը քամու,
Ու երբ կկորցնեմ քո հետքերն ավլող չար այն վհուկին,
Չեմ հիշի էլ ես՝ երբ էի սիրել, կամ ինչպես, կամ ում,
Ու թե ինչպես էր քամին անխնա մաշկում իմ հոգին:

Իսկ դու անդունդ ես, ասուպ ես, քաոս,
Իսկ ես հեռու եմ քո հետագիծը չափելու համար,
Թե իջնես մի օր ու մի րոպեով դառնաս հեթանոս,
Մի անմաշկ հոգի քեզ կտամ նրան զոհասեղան տար...

(Առանց թակարդի
Նա այս հողի մեջ
Ապրել չգիտի...)