Showing posts with label ձյուն. Show all posts
Showing posts with label ձյուն. Show all posts

Երբ գնաս


Գնալուց առաջ ինձ կթողնես մի քայլ դատարկություն,
ես այնտեղ կյանք եմ նկարելու,

մի քայլ պատ,
ես դրա վրա բանաստեղծություն եմ գրելու,
(որը գնալուցդ առաջ անգիր կանեմ),

մի քայլ ինձնից,
որ մեկ-մեկ նայեմ ու հիշեմ դեմքդ,

մի քայլ լույս,
որ չմոռանամ քնել վերջում,

ու մի քայլ քո բույրից,
որ մուսաս ինձ գտնի գիշերով....

քեզնից հետո քեզ միայն տրորված ձյունն է հիշելու
ու լուսացույցը փողոցի.
նա կարմիր էր, երբ ծնվեցիր,
դեղին, երբ ապրում էիր 
ու կանաչ, երբ գնալուդ ժամը եկավ...

թեկուզ եթե գոյությանս չհավատաս,
գնալուց առաջ սեղմիր քեզ համար դռան բռնակի տեղ ապրած
ձեռքս...

ինձ մի քայլ քո մատներից է պետք
ներկերիս տեղը հիշելու համար...


Զբոսանք


ես տեսել եմ արևի հազար գույները՝
հազար գույները մեկ արևի,
ես ճակատս հենել եմ
գիշերվա սառը այտերին
ու երազել եմ
արևի հազարմեկերորդ գույնի մասին...
այդ հազարմեկերորդը դու էիր,

ես քայլող ցավ եմ,
այն ցավը, որ զգում են
կոտրված բաժակի եզրերը,
մինչդեռ մի ժամանակ ես բաժակն էի՝
հպարտության այն բաժակը,
որ սեղանին էին դնում հատուկ առիթների ժամանակ...

արևի գույները սպիտակում են
ու փաթիլների պես նստում այտերիս.
ամենաքիչը գույներ լինում են այն ժամանակ,
երբ միայնակ չլինելով հանդերձ՝
ամենագեղեցիկ փաթիլները դիմավորում ես
մենակ...