Showing posts with label կյանք. Show all posts
Showing posts with label կյանք. Show all posts

Դավաճանություն

մի օր խոստացար ինձ հանձնել հոգիդ,
ու չնահանջել, երբ գիշերը գա,
մի օր խոստացար դու մնալ ինձ հետ,
նույնիսկ եթե քեզ չտեսնեմ հանկարծ...

մինչդեռ նետվում եմ փոթորկից առաջ,
ու ամեն ապտակ զգում հեռու քեզնից
մինչդեռ մրսեցի քո հայացքի մեջ,
երբ հայացքիդ հետ դու տարար և ինձ...

մի օր խոստացար, որ կապրեմ հավերժ,
ու միշտ կլինեմ ինչպիսին կուզես,
մինչդեռ հեռացար դու հենց այն պահին,
երբ ամենից շատն էի նմանվել ես քեզ...

© Ռի-Մա


Այսպես են մարդիկ ծերանում...


նա պառկած էր գիշերվա ձախ ականջում
ու դիտում էր, թե ինչպես են
մեքենաների լույսերը սահում
իր սենյակի պատերով,

ու նրան թվում էր,
թե ամեն լույս մի հոգի է, 
որ եկել է իր բախտից բողոքելու
ու ասելու, որ կյանքը կարճ է,
իսկ գիշերվա ձախ ականջը՝ խուլ...

ամեն լույս իր գույնն ուներ, 
բայց նրանք բոլորն էլ դեղին էին,
ինչպես մազերն արևի...

լույսերը ճանկռում էին պատերը,
իսկ նա անքնությունից հունցում էր 
բանատեղծություն...

այսպես են մարդիկ ծերանում...


Կյանք


երբ մոլորակը ոտքեր առնի,
նոր ուղեծիր գծի՝
ծուռումուռ ինչպես գյուղական ճանապարհը,
ու հեռանա ծաղիկներ հավաքելու,
բռնիր ձեռքս...

երբ մեր տունը փոքրանա
ու դառնա փողոցներում խաղացող երեխաների
զառերից մեկը, 
որ միշտ վեցի վրա է ընկնում.
բռնիր ձեռքս...

երբ կյանքը անցնի գնացքի վագոններում քնած
ու ինձ մնա միայն վերջին վագոնի
մեկ սուրճի բաժակ կյանքը, որ խմեմ,
բռնիր ձեռքս...

երբ մի օր մետաղադրամ տամ
փողոցում մեզ մոտեցող տատիկին, 
իսկ նա, սովորականի պես օրհնելու փոխարեն
անիծի,
բռնիր ձեռքս...

երբ մաշվեն ափերս,
ու հոգնեն շարժվելուց 
մատներս չորացած ու բարակ,
քո ծերուկ ձեռքերով
բռնիր ձեռքս...


Գարուն


մարմելադե աղջնակը
սրճագույն աչքերով
արևագույն ծաղիկներ էր բաժանում
փակված ու փոշոտ պատուհանափեղկերին
ու ժպտում
ու լալիս
ու ապրում
նրանց հավասար...

չնայած բոբիկ էր ծնել աշխարհը նրան
ու պատուհանների առջև մորու փշեր տնկել,
բայց նա ժպտում էր
ու լալիս
ու ապրում
մարդկանց նման...

մոռացել են պատուհանները 
մարդկանց մասին,
մոռացել են մարդիկ
իրար,
իսկ քնած սևի
ու ջնջված սպիտակի մեջ
ասում են մեկ-մեկ հրաշք է ծնվում,
ու տեսնում են պատուհանները 
մի զույգ սրճագույն աչքերով
մարմելադե այն աղջկան
ու տեսնում են մարդիկ
մորեգույն արյունը փշերի վրա
ու հասկանում, որ եկել է
մորիները ջրելու ժամանակը...


ջազ, 50/50 կյանք ու մահ, ու...


ջազ, 50/50 կյանք ու մահ, ու մոմերն էլ չեն ծխում.
առաջինը լույս ու ստվեր է անում երկրորդի համար,
ու պատին նկարվում է երրորդը...

ջազ, 50/50 կյանք ու մահ, ու դռներն էլ չեն բացվում.
մատներիդ ստվերով աղավնի պատկերիր պատին,
թող գոնե նա թռչել սովորի քո մենավոր պատն ի վեր...

ջազ, 50/50 կյանք ու մահ, ու անգամ հիվանդանալդ չի գալիս.
լռության բարակ ժապավենը նենգորեն սողոսկում է սենյակդ,
ու դու լավագույն բարեկամիդ տեսնելով նրան փաթաթում ես վզիդ.
քեզ տեղն է...

ջազ, 50/50 կյանք ու մահ, ու շուտով կլուսանա.
սենյակդ այս առավոտ կմահանա.
ասածս ինչ է՝ լռությունից չվախենաս.
ինձ կկանչես սենյակիդ հոգեհանգստին.
խոստանում եմ չուշանալ...