Showing posts with label կարոտ. Show all posts
Showing posts with label կարոտ. Show all posts

Դավաճանություն

մի օր խոստացար ինձ հանձնել հոգիդ,
ու չնահանջել, երբ գիշերը գա,
մի օր խոստացար դու մնալ ինձ հետ,
նույնիսկ եթե քեզ չտեսնեմ հանկարծ...

մինչդեռ նետվում եմ փոթորկից առաջ,
ու ամեն ապտակ զգում հեռու քեզնից
մինչդեռ մրսեցի քո հայացքի մեջ,
երբ հայացքիդ հետ դու տարար և ինձ...

մի օր խոստացար, որ կապրեմ հավերժ,
ու միշտ կլինեմ ինչպիսին կուզես,
մինչդեռ հեռացար դու հենց այն պահին,
երբ ամենից շատն էի նմանվել ես քեզ...

© Ռի-Մա


Կարոտ


Սեղաններ վախի, մի սարսափ լազուր,
 Մրոտված մի ձեռք ու անահ մի «ես»,
 Հեռվում դեռ ծերուկ կարոտն է հազում
 Ու մի կույր խլուրդ դեռ փնտրում է քեզ...

 Փորփրում է հողը բահը մենության,
 Մոռացված մի ճայ ետ է գալիս տուն,
 Այս մի նախաբանը սկիզբ է մեկնության,
 Որի ավարտին նվնվում ես դու...

 Դու էլ չես լինի, վախկոտ ես, հլու,
 Դու չես դիմանա, երբ քեզ ապտակեն,
 Վախի սեղանին հյուր ես դու գալու,
 Նախքան բիլ նետերը սիրտը քո ծակեն...

 Սեղաններ վախի, մի սարսափ լազուր,
 Մրոտված մի ձեռք ու անահ մի «ես»,
 Հեռվում դեռ ծերուկ կարոտն է հազում
 Ու մի կույր խլուրդ դեռ փնտրում է քեզ...

 Ռի-Մա