Showing posts with label Հոգի. Show all posts
Showing posts with label Հոգի. Show all posts

Որովհետև


որովհետև հոգնում ես
անընդմեջ տրորվելով նրանցից, ովքեր
անգամ քայլելու իրավունք չունեն,

որովհետև չարանում ես
անընդմեջ նվիրած լույսի դիմաց
որքան հնարավոր է շուտ
մեռնելու հերթական մաղթանքը ստանալով,

որովհետև փակվում ես
կողպվում ես ինքդ քո մեջ,
երբ բարությունն անում են ստիպողաբար
իսկ չարությունը, աղն ու պղպեղն՝ ըստ ճաշակի,

որովհետև խաչում ես ձեռքերդ,
երբ դրանց չափազանց շատ են հարվածում,
որովհետև մրմռում է,
երբ դաղում են...

որովհետև դժվար է
եղունգիցդ փոքրի ոտքի տակ լինելով
մտածել նրան
սիրելու մասին...

իսկ ես երևի դեռ չեմ բուժվել,
եթե դեռ փորձում եմ...


Անկատար


Դարձա մեջքն այն, որին հենված արտասվեցիր,
Բայց դե երբեք հեկեկոցդ չդարձա,
Դարձա հենքն այն, որի վրա տուն սարքեցիր,
Բայց դե երբեք հաղթ ամրոցդ չդարձա...

Դարձա ճեղքն այն, որով հոգիս թափանցեցիր,
Բայց դե երբեք հոգետունդ չդարձա...
Դարձա զենքն այն, որով ձմեռ դու սպանեցիր,
Բայց դե երբեք քո գարունը չդարձա...

Դարձա փարոս, որ քեզ կանչեց ու փրկվեցիր,
Բայց դե երբեք փրկությունդ չդարձա,
Դարձա քաոս, որում նոր «ես» դու կերտեցիր,
Բայց ես երբեք հարությունդ չդարձա...

Դարձա ձայնն այն, որին կյանքդ դու պատմեցիր,
Բայց քո ընկեր-համախոհը չդարձա,
Դարձա միայն ու ինձ սպանել որոշեցիր,
Բայց ես էլի անմեղ զոհդ չդարձա...

Փրկության փշուրների ետևից...


Չտարբերակված, բութ մի տարակույս,
Հին մի երկընտրանք կոկորդիս կանգնած,
Մի մեռնող հիվանդ, բայց նաև անմեռ
Շուտով փրկվելու չլուծված մի հույս...

Չպարզաբանված, ժանգոտած կարոտ,
Որ սղոցում է մատնահետքերս,
Երբ քեզնից հեռու եմ, բայց նաև քեզ մոտ,
Երբ ջնջելով եմ նկարում պատկերս...

Մոլորված մի գույն ցրտի երախում,
Կոտրատված սպասում ու կրկին աշուն,
Խախտված մի կանոն կյանքի մի խաղում,
Ու պարտված արփին փայլն է իր մաշում...

Լքված ավերակ, ավերված խոստում,
Ու խոտակալած ճանապարհ կանաչ,
Վաղուց մոռացված հուշերի փոստում
Մի վերջին բարև, մի վերջին հառաչ...

Չորացած ծաղիկ՝ անհասցե, մենակ,
Փոշոտ մթության մեջ առկայծող տարերք,
Կիսախելագար, ծեր հավերժություն
Ու արնոտ խորշում կակազող մի վերք...

Մի ձեռքի հինգ մատ սև դաշնամուրին,
Երկրորդին սեղմած, բայց չեղած մի ափ,
Շուրթերը կարոտ են վառ այն համբույրին,
Բայց հազար դար է՝ մնում են «պարապ»...

Ինձ չբարևող, խռոված մի երգ,
Քորոցների տակ ծակծկված գալիք,
Այն մթում կրկին մարմրող տարերք
Ու սիրտս բախտին՝ նվեր-խաղալիք...

Անլուր քաոսում երկունքի մի սկիզբ
Ու ծնունդ մի նոր, ծեր հավերժության,
Որին կնքամայր ես կընտրեմ կրկին
Երազներ սնող հույսը հարության...

Թող լինեն կրկին տարակույս ու մահ,
Թող կրկին նամակս անհասցե մնա,
Կարոտը ծնի թող մոխրացնող նոր ահ,
Ես փրկվելու եմ, քանի դեռ կա նա...©



Հոգիների ճանապարհը


Լռության թրթռուն թիթեռները
Թռչելով իմ կյանքի թերթերին,
Դիպչելով մթության եթերին
Դեռ թերթվում են...

Լիության դատարկված դարակները
Դառնալով «ոչնչի» դուռը հին
Դարերով դառնացող դև-գահին
Դեռ կերտվում են...

Սփոփանքից սոսափող բարդիները
Սրբելով փոշիներն զեփյուռի
Սրբացված մեղքերի սփռոցին
Դեռ հերթվում են...

Սուտասան սատանա այս ստեղնները
Ստորանում, սատարում են չարին,
Բայց վերստին վերստեղծված «քեզ» համար
Դեռ երդվում են...

Ու կքած, կնիքված այդ դասերը
Մեր կյանքի կեղեքված անցյալից
Կուռ կալանք-կապանքով կազմված
Դեռ սերտվում են...

Դուք դարձեք ծիծաղներ ծաղրերի,
Ծաղրածու թող կոչեն ձեզ նրանք,
Բայց երբեք ձեր հոգին դուք չեղծեք.
Հոգիներն մեկ քայլով ձեր ստեղծվում
Ու երթվում են...
©





Չհամարձակվես...

Ինձ դու համարձակ, ամենաարձակ
Անվանել հանկարծ չհամարձակվես.
Աշխարհի կորած ճամփաբաժանին
Ինձ նման վախկոտ չես գտնի երբեք,

Ինձ ամենազոր, ամենահզոր
Անվանել հանկարծ չհամարձակվես.
Հուսազուրկ ու պիրկ թուլացման ժամին
Ինձ նման տկար չես գտնի երբեք,

Ինձ ամենակուռ, ամենաամուր
Անվանել հանկարծ չհամարձակվես.
Ոչնչացումի, փշրման քամին
Ինձ կանգնած մնալ չի թողնի երբեք...

Ինձ ամենատես, ամենաանտես
Անվանել հանկարծ չհամարձակվես.
Գիշերվա անցորդ ստվեր այն պարմանին
Ուրվագիծս ինձ չի տա էլ երբեք...

Ինձ չհանդգնես անվանել մարտիկ.
Կռվից հաշմանադամ են երազները իմ,
Իսկ ինչ է հոգիս՝ թող ասեն մարդիկ,
Կամ էլ շշնջան ավազները հին՝
Կամ էլ շշնջա կարճատես քամին,
Կամ այն գիշերվա սև ստվեր պատանին...

Ինձ դու խելագար, խուլ ու համր լար
Անվանել հանկարծ չհամարձակվես,
Ոգեշնչումի շողառատ պահին
Ինձ նման պոեմ չես գտնի երբեք...©

Քո սիրո հետ և առանց քեզ...


Քո սիրո հետ ես թմրամոլի պես
Ե՛վ կործանվում եմ, և՛ երկինք չափում,

Քո սիրո հետ ես խելագարի պես
Ե՛վ ծիծաղում եմ, և՛ հոգուս խաբում,

Քո սիրո հետ ես ցավագարի պես
Ե՛վ դողդողում եմ, և՛ այրվում տապում,

Քո սիրո հետ ես բանտարկյալի պես
Ե՛վ բանտից փախչում եմ, և՛ շղթաս կապում,

Քո սիրո հետ ես մի շաղկապի պես
Ե՛վ մենակ կորչում եմ, և՛ միտք շաղկապում,

Քո սիրո հետ ես մի կույր սարդի պես
Ե՛վ լուռ գործում եմ, և՛ ինձ քարկապում,

Քո սիրո հետ ես մի սուզյալի պես
Ե՛վ ջրում խեղդվում եմ, և՛ ապրում ափում,

Քո սիրո հետ ես դերասանի պես
Ե՛վ ներսից մեռնում եմ, և՛ ծնվում ծափում,

Քո սիրո հետ ես անապատի պես
Ե՛վ չորանում եմ, և՛ ավազ լափում,

Քո սիրո հետ ես նահանջյալի պես
Ե՛վ ընկրկում եմ, և՛ դեռ սարսափում,

Քո սիրո հետ ես անջուր ձկան պես
Ե՛վ ավարտվում եմ, և՛ լուռ կարկափում,

Քո սիրո հետ ես հենց այդ սիրո պես
Ե՛վ ուշանում եմ, և՛ հավետ շտապում...©